
Նկարագրական տեքստ
Եթե ցանկանում եք դառնալ Երևանի երիտասարդական նվագախմբի անդամ և ստեղծագործել բարձրարվեստ երաժշտական միջավայրում՝ համագործակցելով միջազգային կարգի մասնագետների և առաջատար երաժիշտների հետ, հրավիրում ենք ներկայացնելու ձեր հայտը և մասնակցելու նվագախմբի լսումներին։
Լսումները կազմակերպվում են նվագախմբի կազմում երիտասարդ տաղանդավոր երաժիշտների ընտրության նպատակով: Գործիքային խմբերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը՝ առանձին հավելվածում։
Լսումները բաց են 2003 թվականի հուլիսի 1-ից մինչև 2014 թվականի հունիսի 30-ը ծնված երիտասարդների համար:
Նվագախմբի գործող անդամների համար մասնակցությունը ՊԱՐՏԱԴԻՐ է։
Լսումների գնահատումն իրականացվելու է միջազգային բարձր հեղինակություն ունեցող երաժիշտներից կազմված ժյուրիի կողմից։ Յուրաքանչյուր գործիքային խմբի համար սահմանվում է առանձին մասնագիտական ժյուրի։
Ընտրության գործընթացն իրականացվում է բազմափուլ մասնագիտական համակարգով, որը ներառում է՝
- նախնական տեսագրային լսում
- հարցազրույց
- նվագախմբային փորձաշրջան
Յուրաքանչյուր հաջորդ փուլ կարող են անցնել միայն նախորդ փուլը հաջողությամբ հաղթահարած մասնակիցները։
Նախնական փուլ (տեսագրային լսումներ)
Նախնական փուլը անց է կացվում առցանց ձևաչափով։
Նախնական փուլի հայտերն ու տեսագրությունները կընդունվեն 2026 թվականի ապրիլի 30-ից մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ։
Դիմորդից պահանջվում է լրացնել հայտաձևը և ներկայացնել տեսագրություն՝ առնվազն 5 րոպե և առավելագույնը 15 րոպե տևողությամբ։
Ծրագրի ընտրությունն ազատ է, սակայն այն պետք է համապատասխանի սահմանված ծրագրային պահանջներին, որոնք ներկայացվում են ըստ գործիքային խմբերի՝ առանձին հավելվածով։
Տեսագրությունը պետք է լինի ամբողջական՝ առանց խմբագրումների, կադրերի միացման կամ հետարտադրական որևէ միջամտության, իսկ նկարահանման վաղեմությունը չպետք է գերազանցի մեկ ամիսը։
Տեսագրության ձայնը պետք է լինի բնական՝առանց որևէ ձայնային մշակման, առանց ավելացված ռեզոնանսի:
Տեսագրության ամբողջ ընթացքում պարտադիր է, որ հստակ տեսանելի լինեն կատարողի դեմքը, ձեռքերը և երաժշտական գործիքն ամբողջությամբ, խնդրում ենք խուսափել հետին լուսավորումից։
Նշված պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու։
Նախնական փուլի ընթացքում ժյուրին, առանց քանակական սահմանափակման, ընտրում է բոլոր այն թեկնածուներին, ովքեր ցուցաբերում են բարձր կատարողական մակարդակ և ում մասնագիտական որակները համապատասխանում են նվագախմբի պահանջներին։
Նախնական փուլը հաղթահարած մասնակիցներին էլեկտրոնային փոստի միջոցով կտրամադրվի նվագախմբի ամբողջական կանոնակարգը և տեղեկատվություն՝ հաջորդ փուլի (հարցազրույցի) անցկացման հստակ ժամանակացույցի վերաբերյալ։
Ժյուրիի որոշումը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Ժյուրիի կազմը
Ժյուրիի կազմը ձևավորված է միջազգային հարթակներում բարձր հեղինակություն և փորձառություն ունեցող առաջատար մասնագետներից:
Թեկնածուների գնահատումն իրականացվում է բացառապես մասնագիտական չափորոշիչների հիման վրա՝ բազմաստիճան համակարգով` միջազգային նվագախմբային լսումների ընդունված գնահատման լավագույն փորձին համապատասխան։
Լսումների նպատակն է ձևավորել բարձրակարգ երիտասարդական նվագախումբ, որը կմիավորի արտիստիկ մտածողություն, տեխնիկական վարպետություն և թիմային երաժշտական մշակույթ ունեցող երիտասարդների։