Մեր քաղաքն ունի իր գույնը, իր տրամադրությունն ու ջերմությունը, իր յուրատիպ ռիթմն ու անգամ` բնավորությունը: Իսկ այսօր մենք արդեն վստահությամբ ու հպարտությամբ փաստում ենք, որ մեր քաղաքն ունի նաև իր ձայնը` երիտասարդական, բայց հաստատուն, դասական և ժամանակակից, ու այդ ձայնն ունի անուն`

Երևանի երիտասարդական նվագախումբ:

Այս նախաձեռնությունը մեզ համար պարզապես երաժշտական նախագիծ չէ։ Այն ներդրում է կրթության, մշակույթի և երիտասարդների զարգացման մեջ։ Այն հարթակ է, որտեղ ձևավորվում են ոչ միայն պրոֆեսիոնալ երաժիշտներ, այլ նաև պատասխանատու, մտածող և ստեղծագործ անհատներ։

Նվագախումբը կամրջում է կրթական համակարգն ու պրոֆեսիոնալ երաժշտական աշխարհը՝ ստեղծելով հավասար հնարավորություններ բոլոր նրանց համար, ովքեր ընտրել են արվեստի ճանապարհը։ Միևնույն ժամանակ, այն դառնում է ոգեշնչման աղբյուր թե՛ երիտասարդների, թե՛ նրանց ընտանիքների համար։

Այսօր նվագախումբը արդեն ներկայանում է ինչպես Հայաստանի լավագույն բեմերում, այնպես էլ միջազգային հեղինակավոր հարթակներում։ Սա հստակ վկայում է, որ երբ քաղաքը հավատում է իր երիտասարդությանը և ներդրում է կատարում նրանց զարգացման մեջ, արդյունքը դառնում է տեսանելի և արժանապատիվ։

Վստահ եմ, որ Երևանի երիտասարդական նվագախումբը կդառնա մեր քաղաքի մշակութային կարևորագույն խորհրդանիշներից մեկը՝ ներկայացնելով Երևանը աշխարհին ոչ միայն որպես պատմությամբ հարուստ, այլ նաև ապագայով լի քաղաք։

Նվագախումբը մեր հավատն է երիտասարդության նկատմամբ, մեր ներդրումը՝ նրանց զարգացման մեջ, և մեր վստահությունը՝ նրանց ապագայի հանդեպ։

Սիրով,

Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ

ԵՐԵՎԱՆԻԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ

Մենք ենք Երևանի երիտասարդությունը։

Ինչպես քաղաքը՝ մենք մշտապես շարժման մեջ ենք։

Տարբեր ձայներ, մեկ շունչ։

Մենք պարզապես երաժիշտներ չենք, այլ մի սերունդ, որը ձևավորում է արվեստի, կատարողականի և մշակույթի ապագան։

Մենք ժառանգում ենք մի քաղաք և նրան տալիս ենք ձայն։

Կարգապահության, ուսման և միասնության միջոցով մենք գիտելիքը վերածում ենք արտահայտման։ Որովհետև երաժշտությունը երբեք պարզապես ձայն չէ։ Այն պատկանելություն է։ Այն դառնալու ընթացք է։

Եվ միասին մենք առանձին գծեր չենք՝ մենք մեկ շարունակական շարժում ենք։

Որտեղ էլ նվագենք՝ Երևանը լսելի է։

Երևանի երիտասարդական նվագախումբ։

Մենք մեր քաղաքը տանում ենք աշխարհ։

ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Երևանի մշակութային դեսպաններ

Այստեղ ծնվում ու ձևավորվում են վաղվա երաժշտական առաջնորդները, ովքեր իրենց տաղանդով ու նորարարությամբ կերտում են ժամանակակից Երևանի կենդանի խորհրդանիշն ու դառնում դրա ինքնության անբաժանելի մասը:

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Մենք ստեղծում ենք ժամանակակից կրթական միջավայր, որտեղ երիտասարդ երաժիշտները բացահայտում են իրենց անդադար կատարելագործման ուղին` համադրելով ստեղծագործական ազատությունն ու մասնագիտական փորձառությունը:

Մեր առաքելությունն է հարստացնել երաժշտական կրթությունը, ներգրավել նոր սերունդներին և ուժեղացնել երաժիշտների դերը հասարակության մեջ՝ նրանց առջև բացելով միջազգային բեմերը։

Ինչ ենք անում

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Մենք մշակում և իրականացնում ենք կրթական ծրագրեր՝ ներառյալ մասնագիտական վերապատրաստումներ և վարպետաց դասեր՝ առաջատար դիրիժորների հետ համագործակցությամբ՝ նպաստելով երիտասարդ երաժիշտների տեխնիկական և գեղարվեստական զարգացմանը։

ԵԼՈՒՅԹՆԵՐ

Մենք ներկայացնում ենք տարեկան համերգաշրջան՝ ապահովելով շարունակական ստեղծագործական կատարելագործում, երկացանկի հարստացում և լիարժեք բեմական փորձառություն։

ԿՐԹԱԺԱՄԱՆՑ

Ձևավորում ենք ստեղծարարությանը նպաստող միջավայր` այլ երաժշտասեր երիտասարդների համար` հանդիսանալով բաց հաբ քննարկումների, հանդիպումների և աշխատարանների համար, ինչպես նաև կապ ենք ստեղծում հանդիսատեսի հետ՝ համագործակցելով այլ ստեղծագործական կոլեկտիվների հետ և ակտիվորեն մասնակցելով համերգների, փառատոների և բաց մշակութային հարթակների՝ ամրապնդելով մեր դերը քաղաքի մշակութային կյանքում։

Մեր թիմը

Նվագախմբի հետևում կանգնած է թիմ, որին միավորում է սերը դասական արվեստի նկատմամբ և նվիրումը` երիտասարդ տաղանդների զարգացմանն ուղղված ընդհանուր նպատակին:

Գեղարվեստական ղեկավարումից մինչև կազմակերպչական աշխատանքներ և համակարգում՝ թիմի յուրաքանչյուր անդամ կարևոր դեր ունի մեր ուղին ձևավորելու և դրա շարունակական զարգացումն ապահովելու գործում։

Երևանի քաղաքապետարանի, մասնավորապես՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ հիմնադրված Երևանի երիտասարդական նվագախումբը վկայում է քաղաքի մշակութային ապագայի մեջ ներդրում կատարելու հստակ հանձնառության մասին։

Գիտակցելով երաժշտության ուժը՝ որպես կրթության, զարգացման և ինքնության ձևավորման կարևոր գործոն, քաղաքապետարանը ստեղծել է հարթակ, որը բացում է նոր հորիզոններ երիտասարդ երաժիշտների համար՝ նպաստելով նրանց աճին, ընդլայնելով հնարավորությունները և բարձրացնելով կատարողական արվեստի որակը։

Սա համարձակ քայլ է դեպի նոր սերունդ, որը ոչ միայն մեծ բեմերում կփայլի իր կատարողական արվեստով, բայց և ինքնին կդառնա Երևանի մշակութային ձայնը և իրեն հատուկ երիտասարդական ոգով կներկայացնի մեր քաղաքն ամբողջ աշխարհին: